Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնաննման ծաղիկների ու վարդերի բո՝ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՝րն եմ սիրում:
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արեւն ամռան ու ծմեռվա վիշապածայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սեւ
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՝րն եմ սիրում:
Ուր է՝լ լինեմ - չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր-
Էլի՝ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՝րն եմ սիրում:
Իմ կարոտած սրտի համար ո՝չ մի ուրիշ հեքիաթ չկայ.
Նարեկացու, Քուչակի պես լոսաապսակ ճակատ չկայ.
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկայ.
Ինչպես անհաս փառքի ճամփայ՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում
